Ոչ մի որոշում չի կայացվելու առանց Անվտանգության խորհրդի․ Արցախի նախագահ

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների հետ միակ պայմանավորվածությունը եռակողմ հայտարարության կետերի կատարումն է, այլ պայմանավորվածություն չի կարող լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի- Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր կայացել է Անվտանգության խորհրդի ընդլայնված հերթական նիստը։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը։
Նախագահը սադրիչ և պառակտող է որակել հանրային և քաղաքական որոշ շրջանակների կողմից տարածվող այն հայտարարություններին, թե իբրև ադրբեջանական կողմի վերջին օրերին ծավալած ագրեսիան Արցախի իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունք է։
«Մեր պայմանավորվածությունը մեկն է՝ եռակողմ հայտարարության կետերի կատարումը, որևէ այլ պայմանավորվածություն չի կարող լինել: Ուստի, նման սադրիչ հայտարարությունները նպատակ ունեն շեղել մեզ իրական խնդիրներից, միասնականությունից և պառակտել հանրությանը: Ոչ միայն որևէ պայմանավորվածություն չի կարող լինել, այլև ոչ մի որոշում չի կայացվելու առանց Անվտանգության խորհրդի կազմի կամ ընդլայնված կազմի հետ քննարկելու»,- հայտարարել է ԱՀ նախագահը։
Անդրադառնալով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, որում հստակ արձանագրվում է, որ Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարությունը` Արայիկ Հարությունյանը կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների անդրադարձը։
Նա ընդգծել է, որ իրավիճակի կայունացման նպատակով տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսային քննարկումները, որոնց հետևել է ՌԴ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը:
«Այսինքն` շահագրգիռ ու պատասխանատու երկրները, գնահատելով իրավիճակը, իրենց միջնորդական առաքելությունն են կատարել»,- ասել է նախագահ Հարությունյանը:
Երկրում առկա ռազմաքաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:
Նիստում կրկին հստակեցվել են ստեղծված իրավիճակում համարժեք քայլերի ձեռնարկմանը վերաբերող հարցեր: ԱՀ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել:
Ադրբեջանի տարածած լուրը կեղծ է և սադրիչ. «Արցախգազը»` գազի մատակարարման վերականգման մասին
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: