Վեդիում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63%-ից ավելին

Ընտրություններ. Արխիվային լուսանկար
Այս համայնքում ընտրություններին մասնակցում էին 2 կուսակցություն` «Իմ հզոր համայնքը» և «Քաղաքացիական պայմանագիրը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Արարատի մարզի Վեդի համայնքում մարտի 27-ին կայացած տեղական ինքնակառավարման համամասնական ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 37 հազար 15 քաղաքացիներից 23 հազար 378-ը կամ 63,16%-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։
Ընտրություններին առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վեդիում կայացել էին ՏԻՄ ընտրություններ, արդյունքում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:
Կուսակցության օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որևէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձևավորելու համար:
Դեկտեմբերի 16-ին Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր անդամներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրին:
ՀՀ կառավարությունը հունվարի 4–ին որոշում կայացրեց Վեդիում նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մասին։