ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Թուրքիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները F-16 կործանիչների մատակարարման հարցով դրական և կառուցողական մթնոլորտում են անցել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Մենք բանակցություններ ենք ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինի հետ։ Հետագայում նրանք երկու անգամ պատվիրակություններ են ուղարկել Թուրքիա։ Այդ պատվիրակությունները հանդիպել և զրուցել են մեր պատասխանատուների հետ։ Բանակցությունները շատ դրական և կառուցողական են եղել։ ԱՄՆ պատվիրակության անդամները ասացին, որ մեր աշխատանքն ու պահանջներն խելամիտ են, տրամաբանական և նրանք աջակցում են դրանց։ Սակայն հարցը պետք է քննարկման դրվի Կոնգրեսում։ Մենք հետեւում ենք այդ գործընթացին», - Աքարի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ-ն ավելի վաղ Թուրքիային պաշտոնական ծանուցում էր ուղարկել` տեղեկացնելով, որ Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով վերջինիս F-35 նորագույն կործանիչների մատակարարումների ծրագրից հանում է: ԱՄՆ-ն չեղարկել էր F-35 - ի համատեղ հուշագիրը Թուրքիայի հետ՝ այն ստորագրելով F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ: Ավելի ուշ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր երկրին առաջարկել է F-16 կործանիչներ գնել F-35-ի մատակարարումների ծրագրից հանելուց հետո: