ԵՐԵՎԱՆ, 27 մարտի- Sputnik. Արցախի Հանրապետության մի շարք ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը վերսկսվելու է մարտի 28-ից։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը վերսկսվելու է մարտի 28-ից»,- նշված է Facebook-ի* պաշտոնական էջում տարածված հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Արցախում ուսումնական գործընթացը նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կասեցված է մարտի 21-ից։
Որոշման պատճառը եղանակային աննախադեպ պայմաններն էին և ջեռուցման բացակայությունը։
* Meta-ի (Facebook և Instagram սոցիալական ցանցերը) գործունեությունն արգելված է Ռուսաստանում որպես ծայրահեղական ընկերություն:
Հիշեցնենք` Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։
Մարտի 19-ից արդեն սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։
Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Մարտի 24–ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։