ԵՐԵՎԱՆ, 27 մարտի- Sputnik. Արցախի Հանրապետության կառավարությունը ողջունում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ նախօրեին տարածած հայտարարությունը, որում հստակ արձանագրվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ ԱՀ դիրքորոշումն իր Telegram ալիքում հայտնել է պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նշենք՝ մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմին կոչ է արել դուրս բերել զորքերը Փառուխ գյուղից։
Նշվում է, որ ներկա պահին խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու և հայկական ու ադրբեջանական զորքերն իրենց նախնական դիրքերը վերադարձնելու ուղղությամբ։
Ըստ հաղորդագրության՝ մարտի 24-25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտակետ։
Հավելենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը «ցավոտ» ընդունվեց Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի ՊՆ-ն կոշտ ձևակերպումներով պատասխանեց ՌԴ ՊՆ-ին։ Մասնավորապես, ադրբեջանական կողմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն «ցավում է Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ի 2022 թվականի մարտի 26-ի միակողմանի հայտարարության համար, որը չի համապատասխանում իրականությանը»։
Հաղորդագրության մեջ նաև նշվում էր, թե իբր մարտի 26-ի առավոտյան «հայկական զինված խմբավորումները փորձել են դիվերսիա իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վրա», և որ «Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա որևէ դրույթ»։
Արտակ Բեգլարյանն իր գրության մեջ նաև անդրադարձել է երեկ՝ մարտի 26-ին, Արցախի անվտանգության խորհրդի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։
Նրա խոսքով՝ նամակը նպատակ ուներ ՌԴ նախագահի ուշադրությունը հրավիրելու Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի վրա, քանի որ այդ տարածքը ամբողջովին գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում:
«Մենք ակնկալում ենք, որ ՌԴ ջանքերի շնորհիվ կվերացվեն այդ ագրեսիայի հետևանքները, և ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր: Այդ առումով ողջունելի է ՌԴ պաշտպանության նախարարության երեկվա հստակ հայտարարությունը»,- ընդգծում է Բեգլարյանը։
Նա նաև հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում Արցախի ԱԽ-ն խնդրում է նաև ավելացնել խաղաղապահ զորակազմի մարդկային ու տեխնիկական ներկայությունն Արցախում, որը կօգնի ավելի արդյունավետորեն իրականացնել խաղաղապահ առաքելությունը շուրջ 500 կմ շփման գծի երկայնքով:
«Պետք է քննարկել նաև խաղաղապահ զորակազմի գործառույթների ու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունները, որպեսզի նրանք ունենան բոլոր անհրաժեշտ լծակները (այդ թվում՝ ռազմական) արդյունավետորեն երաշխավորելու Արցախի բնակչության անվտանգությունը»,- նշում է Բեգլարյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Փետրվարի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Փետրվարի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: