ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Moody’s վարկանիշային գործակալությունը պահպանել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշը Ba3 մակարդակում, սակայն ավելի բացասական վարկանիշ է կանխատեսում։
Գործակալության սանդղակով` Ba3 վարկանիշը 13-րդ տեղում է 21 հորիզոնականից, որտեղ Aaa (երեք A) գնահատականն ամենաբարձրն է։
Գործակալության վերլուծաբանները եկել են այն եզրահանգման, որ Հայաստանն իր վրա զգում է Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքներն ու տնտեսական անկումը։
ՀՀ տնտեսության եկամուտների կապը ռուսականի հետ երկու թվով է հաստատվում. դեպի Ռուսաստան արտահանումը կազմում է Հայաստանի ՀՆԱ–ի շուրջ 6%–ը, Ռուսաստանից ՀՀ բնակիչների ստացած դրամանական փոխանցումները ևս մոտ այդքան են կազմում։
Գործակալության սպասումների համաձայն` փոխանցումների (այդ թվում այլ երկրներից) ծավալները 2022 թվականին 20-30%–ով կկրճատվեն։
Նշվում է նաև, որ Ռուսաստանի հատուկ գործողությունները Հայաստանի համար էսկալացիայի ռիսկեր են ստեղծում` կապված «Ադրբեջանի հետ չլուծված տարածքային վեճերի հետ»։
Միևնույն ժամանակ, ինչպես կարծում են վերլուծաբանները, բոլոր այդ ռիսկերը հաշվի առնելով` պետական հաստատությունների կառավարման ու կայունության բարձր մակարդակը կօգնի զսպել այդ ցնցումները։
Միջնաժամկետ հեռանկարում ՀՀ պետական պարտքը սպասվածից ավելի մեծ կլինի. գործակալության գնահատականներով` 2022-24 թվականներին 62-63% (համեմատության համար 2021 թվականին 60,3% էր)։ Միևնույն ժամանակ հաշվի է առնվում նաև այն, որ կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կսկսի թիրախային աջակցություն ցուցաբերել բիզնեսին և քաղաքացիներին (ինչը լրացուցիչ, բայց անհրաժեշտ ծախսեր կպահանջի)։
Գործակալության գնահատականի համաձայն` այդ պատճառով էլ 2022-2023 թվականներին պետության բյուջեի դեֆիցիտը 2022 թվականի նախկին 3%–ի կանխատեսման պարագայում կմնա ՀՆԱ–ի 4-4,5%–ի մակարդակում։
Արդյունքում 2022 թվականին Moody's–ը Հայաստանում 1,8% ՀՆԱ–ի աճ է ակնկալում, իսկ 2023–ին` 3%` նախկին 5-5,5%–ի փոխարեն։