Հայաստան գալիս են և՛ ստարտափեր, և՛ մեծ ընկերություններ: Ոլորտները տարբեր են, գալիս են շատ IT ընկերություններ, բայց կան նաև բազմատեսակ բիզնեսների ներկայացուցիչներ՝ խորհրդատվական ընկերություններ, ծառայություններ մատուցող ընկերություններ, նաև ծաղկի վաճառքի հետ կապված ընկերություններ։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում հայտնեց փաստաբան Լիլիթ Կարապետյանը՝ խոսելով Ուկրաինայում իրադարձությունների պատճառով Հայաստան եկող օտարերկրացիների իրավական հարցումների մասին։
Կարապետյանը նշեց, որ հատկապես վերջին երկու շաբաթը շատ ակտիվ են հարցումները։ Մասնավորապես՝ ինչպես Հայաստանում ընկերություն գրանցել, ինչպես հաշվառվել որպես ԱՁ, ինչպես կացության կարգավիճակ ստանալ, արդյոք աշխատանքի թույլտվություն պետք է, թե չէ։
Փաստաբանի խոսքով՝ Հայաստան գալիս են հիմնականում այն ընկերությունները, որոնք ունեն հեռավար աշխատելու հնարավորություն։
Հարցին՝ ինչ խնդիրների են հիմնականում բախվում օտարերկրացիները, Կարապետյանը պատասխանեց՝ հիմնական խնդիրը չճշտված ինֆորմացիան է։
«Ամեն տեղ մարդիկ ինֆորմացիա են գրում՝ ինչպես տեղափոխվել Հայաստան, Telegram ալիքներ կան, որոնք ոչ միշտ են ճիշտ ինֆորմացիա տալիս։ Պետական ինչ-որ թեժ գիծ է պետք, որը հնարավորություն կտա մարդկանց Ա-ից Բ պարզ քայլերով հասկանալ` ինչպես կատարել գործընթացները՝ ընկերություն գրանցել, կացություն ստանալ, ինչ է պետք Հայաստան գալու համար։ Նման բան չկա, մենք ենք վերցրել այդ գործառույթը մեր վրա»,-ասաց Կարապետյանը։
Մեծագույն խնդիրը, Կարապետյանի կարծիքով, մարդկանց թիվն է ռեգիստրում, այնտեղ մեծ հերթեր են գոյացել։ Ընդհանուր առմամբ, իրավական լուրջ խոչընդոտներ չկան, հիմնականը տեխնիկական չկազմակերպվածության հարցն է։
Կարապետյանի տվյալներով` եկողների 80 տոկոսը Ռուսաստանի քաղաքացի են, Ռուսաստանի հետ կապվող ընկերությունները, լինում են հարցումներ Ուկրաինայից ու Բելառուսից։ Բավականին շատ են կացության կարգավիճակի հարցումները, մարդիկ կան, որոնք ուզում են Հայաստանում հաստատվել, բանկային հաշիվ բացել, ընկերություն ունենալ, գուցե փոքր մասնաճյուղ բացել Հայաստանում և այլն։
«Այս պահին կացությունն այնքան կրիտիկական չէ, ինչքան ընկերությունն արագ գրանցելը, որովհետև մեր օրենսդրությունը, ԵԱՏՄ պայմանագիրը և մի շարք այլ պետությունների հետ պայմանագիրը թույլ է տալիս Հայաստանում առանց վիզայի ապրել միջինում 120 կամ 180 օր (ՌԴ քաղաքացիների դեպքում 180 օր է)։ Հենց 180 օրն անցնի, ավելի կրիտիկական կդառնա կացության կարգավիճակ ստանալը»,-հավելեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 31–րդ օրը։