Բանակցությունները դեռ անարդյունք են. ռազմական կցորդներին ներկայացվել է Արցախի վիճակը

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ադրբեջանցիների գործելաոճը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է, որի հետագա զարգացումները կարող են լրջորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
Այս մասին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին այսօր իր մոտ ընդունելության ժամանակ ասել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին
Հանդիպման ընթացքում ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն մարտի 24-ից Արցախի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված սադրանքի վերաբերյալ:
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին
Ընդգծվել է, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ:
Նշվել է նաև, որ, չնայած Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների կողմից գործադրվող ջանքերին, իրավիճակի կայունացման ուղղությամբ տարվող բանակցությունները մինչ այժմ արդյունքի չեն հանգեցրել:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: