Բացարձակ սուտ է. Արցախի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը դիվերսիայի փորձի մասին

Արցախի ՊՆ–ը շեշտել է, որ նման անհիմն հայտարարություններով Ադրբեջանը սեփական սադրանքները կոծկելու պարզունակ նպատակ է հետապնդում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների փորձի վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը բացարձակ սուտ է։ Այսպիսի հայտարարություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է` իբր առավոտյան «հայկական զինված խմբավորումները դիվերսիայի փորձ են իրականացրել»։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների փորձի վերաբերյալ, բացարձակ սուտ է, որը սեփական սադրանքները կոծկելու պարզունակ նպատակ է հետապնդում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ այսօր` ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: