Արցախում արգելվում են հավաքները, գործադուլներն ու քարոզչությունը. ԱՀ նախագահի հրամանագիրը

Հրամանագրի կատարման պատասխանատվությունը դրվում է ԱՀ ներքին գործերի նախարարության և ԱՀ ազգային անվտանգության ծառայության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր` մարտի 26–ին, հրամանագիր է ստորագրել ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Համաձայն հրամանագրի՝ ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության ժամկետի ընթացքում օրենքով սահմանված կարգով`
1.
սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը,
2.
արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները,
3.
կասեցվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:
Նշվում է, որ սույն հրամանագրով սահմանված իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառման ապահովման պատասխանատվությունը դրվում է ԱՀ ներքին գործերի նախարարության և ԱՀ ազգային անվտանգության ծառայության վրա:
Հիշեցնենք, որ այսօր «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնության ներկայացուցիչները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման խնդիրը բարձրացնելու, Արցախի Հանրապետության ինքնության ճանաչման նպատակով։