Ադրբեջանի սադրանքների ֆոնին Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են շրջաններում առկա խնդիրները, հստակեցվել հետագա անելիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ կապված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակի հետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են շրջաններում առկա խնդիրները, հստակեցվել հետագա անելիքները։
Երկրի ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել շրջվարչակազմերի ղեկավարներին տեղերում խնդիրների արագ ու արդյունավետ լուծման համար։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Արցախի ՊՆ–ն մարտի 25–ին հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: