ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Արցախում հումանիտար աղետ ստեղծելու և նոր պատերազմ հրահրելու Ադրբեջանի փորձերի վերաբերյալ միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը կարևոր հավաքական ներդրում կլինի իրավիճակի կայունացման գործում։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳՆ–ն։
Նշվում է, որ ողջունելի է, որ միջազգային հանրությունն ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ առանձին քաղաքական ու հասարակական գործիչների մակարդակով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված լարվածության սրմանը և Արցախի բնակչության ահաբեկմանը։
«Վստահ ենք, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերը և միջազգային հանրության հստակ ու համարժեք դիրքորոշումը՝ լրացված քաղաքական միջոցներով, կզրկեն Ադրբեջանին Արցախի բնակիչների իրավունքների համակարգված կոպտագույն խախտումները իր ներքին գործերի շարքին դասելու հնարավորությունից»,–նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ արցախում վերջին շրջանում լարվածության աճին անդրադարձել են Ֆրանսիայի ԱԳՆ-ն, ԱՄՆ Պետդեպարտամենտը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: