ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Անկարան ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը Կիևին փոխանցելու հարց օրակարգում չունի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում է ուկրաինական զորքերին փոխանցել Ռուսաստանից ձեռք բերված հակաօդային պաշտպանության С-400 համակարգերը։ Ամերիկյան իշխանություններն այժմ ամբողջ աշխարհում փնտրում են ռուսական կամ խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք Ուկրաինան կարող է օգտագործել ռուսական ինքնաթիռներին և հրթիռներին հակազդելու համար:
«Նման հարց օրակարգում չկա»,- ասել է Չավուշօղլուն։
Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին 2,5 միլիարդ դոլարի С-400 ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոնների մատակարարման պայմանագիր են ստորագրել, թուրքական կողմին մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամռանն ու աշնանը։ 2021 թվականի օգոստոսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չի կասկածում Ռուսաստանից С-400–ի երկրորդ խմբաքանակի գնման հարցում։
С-400 «Տրիումֆը» մեծ հեռավորության նորագույն հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգ է։ Այն նախատեսված է ավիացիայի, թևավոր և բալիստիկ, այդ թվում՝ միջին գործողության շառավղով հրթիռների ոչնչացման համար, ինչպես նաև կիրառվում է ցամաքային օբյեկտների դեմ։ С-400-ի հեռավորությունը 400 կիլոմետրի է հասնում, այն կարող է ոչնչացնել մինչև 30 կիլոմետր բարձրության վրա գտնվող թիրախներ: С-400 «Տրիումֆ»–ը համալրել է ռուսական բանակի սպառազինությունը 2007 թվականին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 31–րդ օրը։