«Զվարթնոց» օդանավակայանում 5000 դոլար գումարով պայուսակ է հայտնաբերվել

«Զվարթնոց» օդանավակայան
Խոշոր գումարով, հեռախոսներով և այլ իրերով պայուսակը փոխանցվել է տիրոջը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այսօր Դոհայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորն օդանավակայանի վերահսկելի գոտում մոռացել է ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 5000 ԱՄՆ դոլար, հեռախոսներ և այլ իրեր: Տեղեկությունը հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը գտել է ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ փոխանցել կորած և գտնված իրերի բաժին։ Դրանից հետո պայուսակը փոխանցվել է տիրոջը:
«Արմենիա միջազգային օդանավակայանները» հորդորում է ուղևորներին առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ։
Հիշեցնենք, որ սա առաջին նման դեպքը չէ. օդանավակայանի աշխատակիցները հաճախ են մոռացված իրեր գտնում և փոխանցում տերերին։