ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ուկրաինայի Գերագույն Ռադան կեսգիշերին գրառում է կատարել Twitter-ում, որով աջակցել է ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Արցախի Հանրապետություն (Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ,- խմբ.), իսկ հետո մտափոխվել ու ջնջել թվիթը։
«Ադրբեջանական բանակը հարձակման է անցել Ղարաբաղում՝ օգտվելով այն հանգամանքից, որ Արցախից ռուս խաղաղապահներ են ուղարկվել Ուկրաինա»,- ասվում էր հաղորդագրության մեջ:
Համացանցում սկսեցին բուռն քննարկել այդ թվիթը։ Ե՛վ հասարակական, և՛ քաղաքական գործիչները դատապարտեցին ուկրաինական իշխանությունների նման մոտեցումը (ընդ որում` ոչ միայն հայերը)։ Ուկրաինական իշխանությունների հրճվանքը շատերն են անընդունելի համարել։
Ի վերջո, առավոտյան հաղորդագրությունն արդեն հեռացվել է։
Նշենք, որ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ուկրաինական իշխանությունները բացահայտ աջակցություն էին հայտնում Բաքվին, իսկ Ադրբեջանի հաղթանակից հետո ուկրաինական քաղաքների փողոցների վահանակներին հայտնվել էին «Ղարաբաղն Ադրբեջան է» գրառումով պաստառներ։ Դրա հետ մեկտեղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի անգամ հայտարարել է, որ ընդունում են «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Արցախի տեղակատվական շտաբը ժամը 21։00-ի սահմանում հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, ներկայացրել Արցախում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը։
Այսօր առավոտյան Արցախի ՊԲ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։