Ուկրաինացի գերիներն արժանապատիվ պայմաններում են պահվում․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցևը. Արխիվային լուսանկար
Ռուսական կողմը կշարունակի ամեն օր բացել մարդասիրական միջանցքները և առանց բացառության բոլոր ուղղություններով ապահովել դրանց անվտանգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Գերեվարված ուկրաինացի զինծառայողները պահվում են արժանապատիվ պայմաններում՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, Կիևը գերեվարված ՌԴ քաղաքացիների նկատմամբ ճիշտ հակառակն է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցևը:
«Գերիները պահվում են արժանապատիվ պայմաններում, ապահովվում են երեքանգամյա սնունդով, նրանց ճիշտ ժամանակին և որակյալ բժշկական օգնություն է ցուցաբերվում: Նրանց նկատմամբ բռնություն կամ հոգեբանական ճնշում չի գործադրվում։ Յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ»,-ասել է Միզինցևը՝ հավելելով, որ այդ հարցով համագործակցություն է հաստատվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։
Միզինցևն ընդգծել է, որ հակառակ դրան Ուկրաինայի իշխանությունները` այդ երկրում ամենուր տիրող ամենաթողության ընդհանուր ֆոնին, կոպտորեն խախտում են տարրական մարդասիրական նորմերը, էլ չենք խոսում ռազմագերիների հետ վարվելու վերաբերյալ Ժնևյան կոնվենցիաների պահանջների մասին:
«Չնայած դրան կամ ավելի շուտ՝ ի հեճուկս նրա, ինչ անում են Կիևի իշխանությունները, ռուսական կողմը կշարունակի մարդասիրաբար և հարգալից վերաբերվել ուկրաինացի ռազմագերիներին»,-հայտարարել է Միզինցևը։
Անդրադառնալով մարդասիրական միջանցքների թեմային` նա նշել է, որ ռուսական կողմը կշարունակի ամեն օր բացել դրանք և առանց բացառության բոլոր ուղղություններով ապահովել դրանց անվտանգությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 30–րդ օրը։