Սիմոնյանը, Քեոսայանը, Բաբայանն ու Սկաբեևան հայտնվել են Ավստրալիայի պատժամիջոցների ցանկում

Մարգարիտա Սիմոնյանն ու Ռոման Բաբայանը. Արխիվային լուսանկար
Ավստրալիական սահմանափակումների տակ ընդհանուր առմամբ 22 ռուսաստանցի է հայտնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Տիգրան Քեոսայանն ու «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի հաղորդավար Օլգա Սկաբեևան ներառվել են Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավստրալիայի ԱԳՆ–ի հրապարակած փաստաթղթում ընդհանուր առմամբ 22 ռուսատանցի է նշված, որոնց գերատեսչության ղեկավար Մարիս Փեյնը «կրեմլամետ քարոզիչներ» է անվանել։
RT–ի ղեկավարից բացի ցուցակում է հայտնվել նաև «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի, Ինֆորոս, News Front պարբերականների և «Կամերտոն» ամսագրի ղեկավարները։ Բացի այդ ցանկում ներառվել է փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դուստրը` Դարյան, ով United World International–ի գլխավոր խմբագիրն է։
Արևմուտքի մի շարք երկրներ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանել։ Ընկերություններից շատերը հայտարարել են ռուսական շուկան լքելու և ՌԴ–ում գործող արտադրությունները փակելու մասին։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էին Կրեմլում, Արևմուտքի պատժամիջոցները բավականին լուրջ են, սակայն Ռուսաստանը դրանց նախապես է պատրաստվել։ Այդ սահմանափակումները պետք է վերլուծվեն և համակարգվեն գերատեսչությունների կողմից` ՌԴ շահերին համապատասխանող պատասխան միջոցներ մշակվելու համար։
Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով` Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքերը վատթարացնելն է։ Պուտինը նաև հայտարարել է, որ ԱՄՆ–ն և ԵՄ–ն փաստորեն ՌԴ–ի նկատմամբ իրենց պարտավորություններին դեֆոլտ են հայտարարել` սառեցնելով նրա արժութային պահուստները։ Նա հավելել է, որ ներկայիս իրադարձությունները վերջակետ են դնում Արևմուտքի գլոբալ գերակայությանը, ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ։
Մեդվեդևը նշել է «հիմար պատժամիջոցների» թույլ տեղը