ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը հեռախոսով քննարկել են Արցախում իրավիճակի կայունացման ուղիները: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայությունը։
«Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման և Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները», - ասել են ռազմական գերատեսչությունից:
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել խաղաղապահ գործողության ընթացքի և դրա անցկացման գոտում հումանիտար իրադրության շուրջ:
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացում ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Արցախի տեղակատվական շտաբը ժամը 21։00-ի սահմանում հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, ներկայացրել Արցախում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը։