ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը14-րդ տեղով դուրս եկավ գեղասահքի աշխարհի առաջնության եզրափակիչ և մարտի 26-ին կմասնակցի ազատ ծրագրին:
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում ավարտվեց պարային զույգերի կարճ ծրագիրը, որին մասնակցեց 31 զույգ:
Հայաստանը ներկայացնող միակ պարային զույգը կարճ ծրագրում վաստակեց 68. 50 միավոր, որից 38.21 միավորը տեխնիկայի համար, 30.29-ը՝ ստեղծագործության:
Կարճ ծրագրում ամենաբարձր միավորները ստացավ Ֆրանսիան ներկայացնող Գաբրիելա Պապադակիս- Գիյոմ Սիզերոն զույգը: Նրանք վաստակեցին 92.73 միավոր, ինչն աշխարհի ռեկորդ է: Զույգը գերազանցեց իր իսկ ռեկորդը, որը սահմանել էր Պեկին-2022-ի ձմեռային Օլիմպիական խաղերում (90.83):