Արարատ Միրզոյանը Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին է ներկայացրել է խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
«Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժմանը, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին, էթնիկ զտմանն ուղղված այլ քայլերին: Շեշտվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Արցախի տեղակատվական շտաբը ժամը 21։00-ի սահմանում հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։