Արաբկիրում քանդվում են համայնքային հողամասերում գտնվող ապօրինի ավտոտնակները

Արաբկիրում քանդվում են համայնքային հողամասերում գտնվող ապօրինի ավտոտնակները
Համայնքային հողամասը շինություններից ազատելուն կհաջորդի Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Արաբկիր վարչական շրջանում քանդվում են համայնքային հողամասերում գտնվող ապօրինի ավտոտնակները։ Նման տեղեկություն է հայտնում Երևանի քաղաքապետարանը` ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ տեղադրելով։
Մասնավորապես, քանդվում են Արաբկիրի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցների հարևանությամբ համայնքային հողամասերում առանց համապատասխան թույլտվության տեղակայված ավտոտնակները։
Արաբկիրում քանդվում են համայնքային հողամասերում գտնվող ապօրինի ավտոտնակները
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում հարուցվել էր վարչական վարույթ, կայացվել են նաև Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ։
Ավտոտնակների գտնվելու վայրը կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի՝ «Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» տարածքների ցանկում է։
Արաբկիրում քանդվում են համայնքային հողամասերում գտնվող ապօրինի ավտոտնակները
Համայնքային հողամասը շինություններից ազատելուն կհաջորդի Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցումը։ Սրա նպատակը Կոմիտասի պողոտայով երթևեկությունը բեռնաթափելն է: