ԱՄՆ–ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում օգտագործել ուղիղ կապի ուղիները

Պետդեպ. Արխիվային լուսանկար
Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն խորը մտահոգություն է հայտնել Արցախում գազի մատակարարման խափանումների և Ադրբեջանի զորքերի տեղաշարժի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ԱՄՆ Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հանդես է եկել Արցախում ստեղծված իրավիճակի մասին հայտարարությամբ։
«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է գազի մատակարարման խափանումներով և Ադրբեջանի զորքերի տեղաշարժով»,– ասված է բյուրոյի Тwitter-յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ամերիկյան կողմը նաև Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում օգտագործել «ուղիղ կապի ուղիները` անհապաղ ապաէսկալացիայի համար»։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Արցախի տեղակատվական շտաբը ժամը 21։00-ի սահմանում հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, ներկայացրել Արցախում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը։