ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. «Վերին Լարս»–ով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այժմ ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Գուդաուրի-Կոբի և Մլետա-Գուդաուրի հատվածներում ձնապաշտպան թունելների միջով երթևեկությունն իրականացվում է անխափան:
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Վրաստանում աշխատանքներ են տարվում Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի՝ Կոբի–Գուդաուրի ամենաբարդ և վտանգավոր հատվածի կառուցման ուղղությամբ: Վրաստանի իշխանությունները ծրագրում են դրանք ավարտել մինչև 2024 թվականը: