Տուբերկուլյոզը բուժվում է, այն էլ՝ անվճար. հիվանդության պատմությունը Հայաստանում

Հիվանդանոց
Վերջին 10 տարում Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդների թիվը նվազել է 4.4 անգամ։ Տուբերկուլյոզը հանրապետությունում բուժվում է պետպատվերի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. 2010 թվականից ի վեր տուբերկուլյոզով վարակման և մահացության ցուցանիշները կրճատվել են համապատասխանաբար 4,8 և 4,5%–ով (100 հազար մարդու հաշվով)։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Թոքաբանություն ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը։
Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ նշվում է ամեն տարի մարտի 24-ին։ Կազմակերպության տվյալներով` յուրաքանչյուր օր այս բուժվող հիվանդությունից, որը հնարավոր է կանխարգելել, աշխարհում շուրջ 4500 մարդ է մահանում, մոտ 30 000 մարդ էլ հիվանդանում է, ընդ որում` մեծամասնությունը զարգացող երկրների բնակիչներ են։ Հայաստանում 10 տարի է, ինչ հիվանդության ցուցանիշները կայուն կերպով նվազում են։

Մանուկյանի խոսքով` կարևոր է հասկանալ, որ այս հիվանդությունը բուժվում է, և չվախենալ ու ժամանակին դիմել բժշկի և համապատասխան բուժում ստանալ։

Նա հիշեցրեց, որ այս հիվանդության ախտանիշները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել, չդադարող հազն է, խորխն ու դրա մեջ արյան առկայությունը։ Բացի այդ, հիվանդությունը հայտնաբերելու համար երկրի տարբեր շրջաններում պարբերաբար սքրինինգային հետազոտություններ են անցկացվում (այդ թվում՝ փակ հաստատություններում` բանտեր, հոգեբուժարաններ, տուն–ինտերնատներ և այլն)։
«Պետք չէ վախենալ ծախսերից, քանի որ Հայաստանում տուբերկուլյոզը բուժվում է անվճար, ընդ որում ոչ միայն քաղաքացիների, այլև ոչ քաղաքացի հանդիսացող անձանց համար` զբոսաշրջիկներ, այլ երկրից եկած ուսանողներ, աշխատանքային միգրանտներ և այլն», – ասաց Մանուկյանը։

«Հիվանդության պատմություն»

23-ամյա Ելենան (աղջկա խնդրանքով անունը փոխված է) կորոնավիրուսի «շնորհիվ» է իմացել տուբերկուլյոզով վարակված լինելու մասին։ Աղջիկը չի պատկերացնում` որտեղ կարող էր վարակվել, թեև կասկածներ կան, որ հիվանդությունը ձեռք է բերել կորոնավիրուսից թուլացած իմունիտետի պատճառով։ Նա միանշանակ համոզված է, որ պետք չէ խուճապի մատնվել և սթրեսի ենթարկվել, քանի որ անկախ նրանից, որ բուժումը երկար է տևում, կարևորը, որ այն կա։ Եվ արդեն մի քանի ամիս անց հնարավոր կլինի նորմալ կյանքի վերադառնալ։
2021 թվականի նոյեմբերին աղջկան մտահոգեցին կորոնավիրուսի ախտանշանները` բարձր ջերմություն, առատ քրտնարտադրություն և թուլություն։ Կորոնավիրուսի թեստն իսկապես դրական էր, բայց դրա հետ մեկտեղ ֆիզիոթերապևտը նաև տուբերկուլյոզ հայտնաբերեց։ Երկու վարակների ախտորոշումից հետո բժիշկները որոշեցին բուժումն իրականացնել սկսած բարդության աստիճանից, և սկսեցին կորոնավիրուսից։ Ելենան թոքաբանության կենտրոնում 1.5 ամիս անցկացրեց, նույնքան ժամանակ էլ տանն է բուժվում։ Դեռ երեք ամիս էլ կպահանջվի բուժման համար։
«Երբ ինձ հայտնեցին ախտորոշումը, ես ապշած էի, իհարկե հուզական պոռթկում եղավ։ Բայց աստիճանաբար գիտակցեցի, որ հիվանդությունը բուժվող է, ինձ աջակցում էին հարազատներս։ Մայրս հոգ էր տանում իմ մասին հիվանդանոցում, ժամանակ առ ժամանակ այցելում էր նաև ընկերս։ Ես զգուշավորություն էի պահպանում, որպեսզի նրանց չվարակեմ»,– պատմեց աղջիկը։

Ինչ են ասում թվերը

Տուբերկուլյոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը նշեց, որ համաճարակային իրավիճակը երկրում վերջին 10 տարիների ընթացքում տարեցտարի բարելավվում է։ Այդ ընթացքում հիվանդացության մակարդակը նվազել է 4.4 անգամ։ Հայաստանում 2011 թվականին տուբերկուլյոզով հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով կազմում էր 56,2, սակայն արդեն 2021 թվականին այն կազմել է 13,4։
«Մի քանի տարի առաջ մենք նպատակ դրեցինք հասնել 15–ի, այսօր մենք ոչ միայն հասել ենք դրան, այլև գերազանցել։ Կշարունակենք մեր ծրագրերը` բարձրացնելով արդյունավետությունը», – ասաց Խաչատրյանը։
Ըստ նրա` 2020 թվականին հայտնաբերվել է տուբերկուլյոզի ակտիվ 440 դեպք, 2021 թվականին` 426, որից 369–ը նոր դեպքերն են, մնացածը` կրկնավարակները։ Ընդ որում` 25 դեպք գրանցվել է 0-17 տարեկան երեխաների մոտ, որոնց մի մասը շփում է ունեցել տուբերկուլյոզով հիվանդ մեծահասակի հետ։
Փորձագետը նշել է, որ միևնույն ժամանակ բարելավվել է նաև տուբերկուլյոզից մահացության ցուցանիշը։ Եթե վերջին 10 տարում մահացության մակարդակը տատանվում էր 1,7-1,5 սահմաններում (100 000 բնակչի հաշվով), ապա 2021 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 0,6։ Այսինքն, 2021 թվականին նախկին 44–ի փոխարեն գրանցվել է 18 մահ։