ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից առաջադրանքների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերն այսօր` ժամը 16։00-ի դրությամբ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են մոտակայքում գտնվող Խրամորթ համայնքի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Արցախի տեղակատվական շտաբը մեկ ժամ առաջ հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։