ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղում մրցեց Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ մեր ընտրանին հաղթեց 1։0 հաշվով։
Գաղտնիք չէ, որ ընկերական խաղերը թիմերի համար հիմնականում փորձարկումների համար են հարկավոր։ Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումն այդ առումով բացառություն չէր։ Երկու թիմերի կազմերում էլ տարբեր պատճառներով բացակայում են առաջատար մի քանի ֆուտբոլիստներ։ Իսկ մեր հավաքականը ևս մեկ կորուստ ունեցավ խաղի մեկնարկից անմիջապես առաջ։ Նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացավ Անդրե Կալիզիրը, և մեկնարկային կազմում առաջին անգամ խաղալու հնարավորություն ստացավ հավաքականի նորեկ, 19–ամյա Ստյոպա Մկրտչյանը։
Խոակին Կապառոս
© Sputnik / Asatur Yesayants
Անկախ ամեն ինչից` մեր ընտրանին շատ լավ սկսեց հանդիպումը։ Մեր ֆուտբոլիստները շատ շարժունակ էին, խաղադաշտի ամբողջ տարածքով հսկում էին մրցակցի գործողությունները, երբեմն էլ դիմում պրեսինգի։ Ու հենց դրա արդյունքում Էրիկ Վարդանյանը տիրեց գնդակին ու հարվածի դուրս բերեց Վահան Բիչախչյանին։ Իսկ լեհական «Պոգոնի» ֆուտբոլիստի ձախ ոտքի հարվածը անկասելի էր՝ 1։0։
Վահան Բիչախչյան
© Sputnik / Asatur Yesayants
Չի կարելի ասել, որ մինչև ընդմիջում մենք խաղային առավելություն ունեինք։ Մրցակիցն էլ փորձեր էր կատարում մեր տուգանայինի մատույցներում սրել խաղն ու երբեմն եզրափակում իր գրոհները դիպուկ հարվածով։ Մի խոսքով, հավասար խաղ էր, քանի որ մեր թիմն էլ միշտ մտածում էր հակառակ կիսադաշտը տեղափոխվելու ու ձեռք բերած հաջողությունը զարգացնելու մասին։
Երկրորդ կեսի մեկնարկն էլ ոչ մի բան չփոխեց։ Երկկողմանի պայքար գնդակի համար խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում։ Մեծ հաշվով Բիչախչյանի խփած գնդակից հետո իրական գոլային պահեր կողմերը չէին կարողանում ստեղծել` չնայած որոշ դրվագներում գրոհներն իրենց մեջ որոշակի սպառնալիք պարունակում էին։ Ճիշտ է, մերոնք իսկապես կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը խաղի 73-րդ րոպեին, երբ Էդուարդ Սպերցյանը, խաղարկելով գնդակը Տիգրան Բարսեղյանի հետ, դուրս եկավ հարվածային դիրք, բայց «Կրասնոդարի» ֆուտբոլիստը հարվածեց ուղիղ դարպասապահի վրա։
Հայաստան–Չեռնոգորիա հանդիպում
© Sputnik / Asatur Yesayants
Դժվար է ասել, թե ինչ տվեց խաղը մրցող կողմերին։ Ընկերական խաղի բնույթը զգացվեց համարյա ամբողջ խաղի ընթացքում։ Պարզ է, որ երկու կողմերն էլ ձգտում էին հաղթել, բայց շատ հաճախ այդ ցանկությունը չէր ամրագրվում խաղի ընթացքով։ Հաշվի մեջ փոփոխություն մտցնելու հնարավորություն կողմեր ունեցան հանդիպման վերջնամասում, երբ երկու կողմերի ֆուտբոլիստներից շատերի մոտ զգացվում էր հոգնածությունը։ Հաստատ մարզիչները սուղ մասնագիտական հետևություններ անելու համար առիթ ունեցան, բայց չենք կարծում, որ նման խաղով թե՛ Հայաստանը, թե՛ Չեռնոգորիան կարող են լուրջ արդյունքների մասին մտածել։ Իրոք փորձարկումների խաղ էր, որը 1։0 հաշվով հաղթանակի շնորհիվ վիճակագրական առաջընթաց ապահովեց մեր հավաքականին։
Մարտի 29-ին մեր հավաքականը ընկերական երկրորդ հանդիպումն է անցկացնելու, այս դեպքում արդեն մրցակցի հարկի տակ։ Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում հյուրընկալվելու է Նորվեգիայի ընտրանուն։