ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ներկա են եղել Միշուստինը, Մատվիենկոն, Վոլոդինը, Մեդվեդևը, Պատրուշևը, Կոլոկոլցևը, Լավրովը, Շոյգուն, Բորտնիկովը, Նարիշկինը և Սերգեյ Իվանովը», - նշել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել երկրի ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակի շուրջ:
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողության ընթացքի, ինչպես նաև մարդասիրական օգնության ցուցաբերման, անվտանգության ապահովման և կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին:
«Մանրամասն խոսվել է Ուկրաինայի հետ բանակցային գործընթացի մասին։ Ցավով նշվել է, որ ուկրաինական կողմը դանդաղկոտություն է դրսևորում»,– հայտնել է նախագահի մամուլի խոսնակը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 29–րդ օրը։