Պրանկերները հրապարակել են բրիտանացի նախարարի հետ զրույցի ամբողջական տարբերակը

Բեն Ուոլես
Բրիտանիայի պաշտպանության նախարարի համար երկխոսությունը շատ տարօրինակ ավարտ է ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) YouTube-ում հրապարակել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ զրույցի ամբողջական տարբերակը։
Նշենք, որ պրանկերները զրուցել են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի անունից:
Տեսագրության նկարագրության մեջ ասվում է, որ մի քանի դրվագներ հեռացվել են, քանի որ, ամենայն հավանականությամբ, դրանք կարող են ազդել Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության վրա: Մասնավորապես, դա վերաբերում է Ուկրաինայի կողմից միջուկային զենք ձեռք բերելու և փորձարկելու հարցի քննարկմանը։
Պրանկերների հետ զրույցի ժամանակ բրիտանացի նախարարն ասել է, որ իր երկրի հակատանկային սարքերի պաշարներն ավարտվում են, քանի որ Լոնդոնը Կիևին է տվել գրեթե բոլոր շարժական հակատանկային կառավարվող հրթիռները: Նա նաև պատմել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում Մեծ Բրիտանիայի շահագրգռվածության մասին:
Բացի այդ, Ուոլեսը չի բացառել միջուկային զենքի մշակման հարցում Կիևին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն նկատել է, որ Ռուսաստանին հավանաբար դա դուր չի գա:
«Մենք կմտնենք Սև ծովի ջրեր։ Կարծում եմ՝ դա շուտով տեղի կունենա», - հավելել է Ուոլեսը՝ նշելով, որ խոսքը չի վերաբերում ուկրաինական ջրերին, որոնք արգելափակում է ՌԴ-ն։
Նույն զրույցի ընթացքում քաղաքական գործիչն անհաջողակներ է անվանել Ուկրաինայի պայմաններից վրդովված կամավորներին: Նա ասել է, որ չի կարող պատասխանատվություն կրել «այն ապուշների համար, որոնք գնում և հարցազրույցներ են տալիս ԶԼՄ-ներին»:
Զրույցն ավարտվում է «Կեցցե Ուկրաինան» արտահայտությամբ։ Կուզնեցովը նաև ասում է. «Փառք Վովանին և Լեքսուսին»։ Զարմացած Ուոլեսը ավարտում է երկխոսությունը։
Մարտի 17-ին Բեն Ուոլեսը հայտնել էր, որ պրանկերների զոհ է դարձել. իրեն զանգել են ու ներկայացել որպես Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ։
Դրանից մի քանի օր անց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը դիմել էր YouTube-ին՝ խնդրելով հեռացնել տեսանյութը հարթակից: Բրիտանական ռազմական գերատեսչությունում կարծում են, որ այն կարող է սպառնալիք դառնալ երկրի ազգային անվտանգության համար: