ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ներքին Հանդին առնչվող մարդու իրավունքներիպաշտպանի կատարած փաստահավաք այցի արդյունքները որևէ ձևով չեն հակասում պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությանը, ոչ էլ հերքում են այն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՄԻՊ-ն ու ՊՆ-ն հակասում են միմյանց Ներքին Հանդի թեմայով տարածած տեղեկատվությամբ։
«Փաստերի հետ ծանոթացման մեր մեթոդը եղել է բնակիչների, վարչական ղեկավարի հետ հանդիպումները։ Մենք արձանագրել էինք` բնակիչներն ասել էին, որ ադրբեջանական կողմի վրաններն ու շարժը նոր են տեսնում։ Նրանք նաև ասել էին` ռիսկեր կան գյուղատեղիից հեռու տեղակայված Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի տարածքը նրանց կողմից որպես արոտավայր օգտագործելու առումով»,–ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ արհեստականորեն «հակասությունների փոթորիկը» շարունակում է պտտվել։ Գրիգորյանը հիշեցրեց, որ ՊՆ–ն էլ ասել էր` այդ դիրքերը նոր են սկսել ակտիվորեն կահավորվել և օգտագործվել։
Այսինքն` ՄԻՊ–ի և ՊՆ–ի հայտարարությունները ոչ միայն իրար չեն հակասում, այլ, ըստ Գրիգորյանի, «ամրապնդում» են իրար։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն առաջացել են Ներքին Հանդ գյուղի մոտ։ ՊՆ–ն, սակայն, հերքել էր այս լուրերը` ասելով, որ հայ–ադրբեջանական սահմանի խիտ անտառային և բարդ դիտարկելի այդ տարածքը, որն ըստ Խորհրդային Միության քարտեզների՝ մոտ 600 մ խորությամբ Հայաստանի տարածքում է գտնվում, ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը։
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ Նոր Հանդ գյուղում իրականացրած աշխատանքների ժամանակ արձանագրել է` Նոր Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022 թվականի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են։
Ներքին Հանդում ստեղծված իրավիճակի հետ կապված մանրամասները կարող եք կարդալ Sputnik Արմենիայի հոդվածում։