Տվյալ նախագծի ընդունումը միանշանակ դրական ազդեցություն կունենա բոլոր գործարարների վրա, հատկապես շատ կօգնի ինքնազբաղվածներին, ովքեր արտադրում են փոքր քանակությամբ ապրանքներ և վաճառում առցանց հարթակներում, ուստի նրանց համար այժմ ավելի հեշտ կլինի փոստային առաքումով ապրանքներ ուղարկել պատվիրատուներին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գործարար Սամսոն Գրիգորյանը։
«Հարկային վարչարարության մեջ յուրաքանչյուր մեղմում նպաստում է բիզնես ոլորտի աճին։ Նախագծի ընդունման դեպքում հայաստանյան շուկայում մատակարարների քանակը կավելանա, իսկ եթե նրանց բիզնեսն ավելի լավ պայմաններով իրականացվի, ապա դա մյուսներին կշահագրգռի, որպեսզի նոր բիզնես ծրագրեր ներկայացնեն»,– ասաց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգողը։
Անդրադառնալով այն հարցին, թե մտավախություն չկա՞ արդյոք, որ նախագծի ընդունման դեպքում ոմանք կիրականացնեն գործարքների մասնատում կամ խոշոր մաքսատուրքերից խուսափելու համար որոշ ընկերություններ կտրոհվեն դուստր ձեռնարկությունների, Գրիգորյանն ընդգծեց, որ նախագիծն այդքան մեծ ծավալի բարեալավում չի ապահովում, որպեսզի խոշոր արտահանողը գնա նման քայլի։
«Եթե արտահանողը մի ամբողջ բեռնատար է վարձելու, ապա իմաստ չունի բեռը տրոհել տասը մասի` վարձելով տասը մեքենա, որովհետև ճանապարհածախսն այդ դեպքում կավելանա և բացի բեռնափոխադրումների ու լոգիստիկ այլ ծախսերից, նաև փաստաթղթավորումը կդառնա ավելի ծավալուն, հետևաբար ավելի հեշտ է մեկ 10 հազար դրամ վճարել, քան տասը բեռի համար առանձին փաստաթղթեր ձևակերպել»,– նշեց գործարարը։
Գրիգորյանի կարծիքով`արտահանողներին պետք է տրվեն ավելի մեծ հնարավորություններ, որովհետև արտահանման առկա ծավալները շատ փոքր են։ Նրա համոզմամբ` շատ ավելի ձեռնտու է լուրջ արտոնություններ ու առավելություններ տալ արտահանողներին մի քանի տարի անց մեծ ծավալների արտահանում ունենալու համար, քան փոքրիկ եկամուտ ստանալ նրանցից ու որևէ աճ չունենալ տվյալ ոլորտում։
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մարտի 23-ի նիստում ներկայացրել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 1 մլն դրամի մաքսային արժեքով ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել:
Ըստ նախարարի՝ օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ: