Միրզոյանի հետ հանդիպմանը ՀՀ–Ադրբեջան հնարավոր նոր փաստաթղթի մասին չենք խոսել. Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենց մտահոգում է Թուրքիա–Հայաստան ստորագրվելիք փաստաթուղթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ «Հայաստան» խմբակցության փակ հանդիպման ժամանակ Հայաստան–Ադրբեջան փաստաթուղթ ստորագրելու հետ կապված քննարկում չի եղել։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ պետք է ստորագրվի։ Սաղաթելյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին` Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ խոսե՞լ են այդ մասին։
«Փակ հանդիպումները նրա համար են, որ բաց հարթակներում չխոսենք։ Սակայն կոնկրետ փաստաթուղթ ստորագրելու հետ կապված քննարկում տեղի չի ունեցել, այդ մասին չի խոսվել»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` մտահոգություն ունեն, օրինակ, Թուրքիայի հետ կնքվելիք փաստաթղթի առնչությամբ։ Սաղաթելյանը նշում է` Թուրքիայի դեպքում կա փաստաթուղթ, հակառակ պարագայում` ամեն անգամ հավաքվելիս ինչի՞ց պետք է խոսեին։
Սաղաթելյանը նկատում է, որ եթե շարունակական բանակցություններ են, ենթադրվում է, որ կա փաստաթուղթ, որը երկու կողմերի միջև համաձայնեցվում կամ քննարկվում է։ Այս պարագայում, ըստ նրա, իշխանությունները հերթական անգամ ժողովրդի թիկունքում դավադրություն են պատրաստում։
ՔՊ-ում հակված են ԱԳ նախարարի մասնակցությամբ փակ նիստ հրավիրելուն. ԶԼՄ
Սաղաթելյանը հավելեց, որ փակ հանդիպումից բավարարված չեն, ավելին, իրենց մտահոգությունները կրկնապատկվել են։
Հիշեցնենք, որ ընդդիմության առաջարկով մարտի 22-ին ԱԺ–ն «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով հրատապ քննարկում էր անում. այն դռնփակ էր։ Նիստին զեկույցով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: