Ինչի՞ մասին են խոսել Շոյգուն ու Պապիկյանը. ՀՀ ՊՆ–ն որոշ մանրամասներ է հայտնում

Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացում ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Պապիկյանի և Շոյգույի այսօրվա հեռախոսազրույցի մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը, սակայն զրույցի մանրամասները չէր բացահայտել։
«ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։ Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ»,– նշված է ՀՀ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերն այսօր` ժամը 16։00-ի դրությամբ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են մոտակայքում գտնվող Խրամորթ համայնքի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Արցախի տեղակատվական շտաբը ժամը 21։00-ի սահմանում հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։