ՀՀ–ն չպետք է հետ քաշվի և ռուսական կողմի վրա բարդի Արցախում ստեղծված իրավիճակը. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ 1.5 տարվա ընթացքում ռուսական կողմն Արցախում իրավիճակի կայունության և անվտանգության առումով մեծ ծավալի աշխատանք է կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված ամեն ինչ չպետք է բարդենք ռուս խաղաղապահների վրա։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Պետք է շատ հստակ հասկանալ մեկ բան` Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված ամեն ինչ չենք կարող բարդել ռուսական կողմի վրա հենց միայն մեկ պատճառով, որ ցանկացած պարագայում ՀՀ–ն առաքելություն ունի ապահովելու իր հայրենակիցների անվտանգությունը»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` 1.5 տարվա ընթացքում ռուսական կողմն Արցախում իրավիճակի կայունության և անվտանգության առումով մեծ ծավալի աշխատանք է կատարել։ Ըստ Աբրահամյանի` սա վերաբերում է և տեղակայումներին, որոնք բավականին արագ են տեղի ունեցել, և տարբեր ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքմանը։ Պատգամավորը շեշտում է` սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ քաշվի իրավիճակից և պատասխանատվությունն ամբողջությամբ բարդի ռուսական կողմի վրա։
«ՀՀ–ն պարտավորություն ունի և Արցախի անվտանգության, և Արցախի բնականոն զարգացումն ապահովելու հարցում։ Այլ հարց է, որ այս իշխանության մոտեցումները և Հայաստանի գլխավոր առաքելությունն այս պահին խիստ տարբերվում է»,–ասաց Աբրահամյանը։
Հարցին, թե արդյո՞ք «Պատիվ ունեմ»-ը հանդիպել է Արցախում իր առաքելությունը կատարող խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ, Աբրահամյանը պատասխանեց, որ նման հանդիպում չի եղել։ Սակայն, ըստ պատգամավորի, խաղաղապահների և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված շփվում են ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։