ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերն անհապաղ վերադառնան ելման դիրքեր։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։
«Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի` դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը»,– նշում է ԱԳՆ–ն։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։ Ավելին, Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը։
«Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»,– շեշտում է ԱԳՆ–ն։
Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է անում հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին: