Հակասում է ավանդույթին․ եկեղեցին հորդորում է Ծառուկյանին զերծ մնալ Հիսուսի արձանի նախագծից

Փոխարենը ՀԱԵ-ն ընդունելի է համարում մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցին հանդես է եկել հայտարարությամբ, որով հորդորում է Գագիկ Ծառուկյանին զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։
Նշվում է, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։
«Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին», - ասվում է հայտարարության մեջ։
Փոխարենը ՀԱԵ-ն ընդունելի է համարում մեր փրկիչ Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
Գագիկ Ծառուկյանը Հիսուսի արձանի հեղինակներին 1 ամիս ժամանակ է տվել
Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել, որ նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ միայն արձանը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։