Ազգային մշակութային արժեքների ցանկը համալրվեց

Վարդավառ. Արխիվային լուսանկար
Կառավարությունը որոշել է ընդլայնել հայկական ավանդական «Տերընդեզ» և «Վարդավառ» տոների նկարագրությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ԿԳՄՍՆ–ի առաջարկով կառավարությունը համալրեց ազգային մշակութային արժեքների ցանկը։
Այս որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում։
Առաջարկը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ասեղնագործությունը ներկայում, որպես հայկական մշակութային ինքնության դրսևորում, այլևս չի փոխանցվում միայն անհատական, ընտանեկան կամ խմբային միջավայրերում:
Ընդլայնվել է տարրի տարածվածության շրջանակը, որի վկայությունն է ՀՀ տարբեր համայնքներում, մշակութային, կրթական հաստատություններում ասեղնագործության վարպետության դասերի քանակը, ինչպես նաև մասնակիցների ներգրավվածության աճը:
Ըստ կառավարության, դրան զգալիորեն նպաստել է նաև սիրիահայ ասեղնագործուհիների ներգաղթը, ինչպես նաև պետական աջակցությամբ ծրագրերի իրականացումը:
Ի դեպ, նույն որոշմամբ, կառավարությունը որոշել է նաև ընդլայնել հայկական ավանդական «Տերընդեզ» և «Վարդավառ» տոների նկարագրությունները։
Նշյալ տոների մասին տեղեկությունների թարմացումը հիմնավորվում է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների տարածքում կենսունակ տարրերի վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար թարմացնելու ՅՈւՆԵՍԿՕ-ի առաջարկով, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու նպատակով ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված ժամկետում հայտ պատրաստելու անհրաժեշտությամբ: