ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանում 2021 թվականին արձանագրվել է ակտիվ տուբերկուլյոզի 426 դեպք, որից 313-ը` թոքային, իսկ 113-ը` արտաթոքային։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ մարտի 24-ին նշվում է Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը։
«Այսօր մեր երկրում հասանելի են ՏԲ-ի կանխարգելման, անվճար ախտորոշման և բուժման, ինչպես նաև պացիենտների մարդակենտրոն խնամքի համար անհրաժեշտ միջոցները»,– նշում են գերատեսչությունից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` ՏԲ-ն շարունակում է մնալ մահվան առաջատար պատճառը վարակիչ հիվանդությունների շարքում, չնայած, որ այն բուժելի և կանխելի է։ Աշխարհում տարեկան 10 միլիոն մարդ հիվանդանում է ՏԲ-ով, իսկ մոլորակի բնակչության ¼-ը վարակված է այդ հարուցիչով։ Բարեբախտաբար, վարակվածների միայն 5-10%-ի մոտ է զարգանում ակտիվ ՏԲ հիվանդություն։
Նշենք, որ օրվա նպատակը տուբերկուլոզի (ՏԲ) գլոբալ բեռի մասին տեղեկացվածության բարձրացումն է և հիվանդության կանխարգելման ու վերահսկման ուղղությամբ առկա իրավիճակի մասին զեկուցումը: Այս տարի համաշխարհային օրը կրում է «Միավորե՛նք մեր ջանքերն ընդդեմ ՏԲ-ի, փրկե՛նք կյանքեր» խորագիրը։
Հիվանդության հիմնական ախտանիշներն են` 3 շաբաթ և ավելի տևողությամբ հազ, խորխարտադրություն, թուլություն, ախորժակի կորուստ, քաշի անկում, գիշերային քրտնարտադրություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում։