Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ստանալ ՇՀԿ դիտորդի կարգավիճակ

ՇՀԿ խորհրդանիշներով դրոշակը. Արխիվային լուսանկար
Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը լավատեսորեն է տրամադրված այս հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի դիտորդի կարգավիճակ ստանալու հարցն ակտիվորեն քննարկվում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների կողմից: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը։
2015 թվականին Հայաստանը (Ադրբեջանի, Բանգլադեշի, Նեպալի և Սիրիայի հետ միասին) հայտ է ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությանը որպես դիտորդ մասնակցելու համար:
«ՇՀԿ անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։ Այդ առումով ես անձամբ լավատեսորեն եմ տրամադրված, թեև այս պահին չեմ կարող հստակ ժամանակացույց նշել», - ասել է գլխավոր քարտուղարը։
Ընդ որում, նա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները համարել է «կարևոր գործոն, որը պետք է հաշվի առնել»:
«ՇՀԿ անդամ պետությունները միակարծիք են`երկկողմանի հակասություններ չպետք է առաջացնեն կազմակերպության մեջ,-շարունակել է Չժան Մինը: Դա նաև պարտավորություն է, որը պետք է կատարի ցանկացած երկիր, որը հավակնում է անդամակցել ՇՀԿ – ին», - եզրափակել է նա:
Հիշեցնենք` ՇՀԿ-ի ստեղծման մասին հռչակագիրը Շանհայում ստորագրվել է 2001 թվականի հունիսին Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից: 2017 թվականին ՇՀԿ-ի լիիրավ անդամներ են դարձել Հնդկաստանը և Պակիստանը: Հայաստանն ու Ադրբեջանը ՇՀԿ-ում երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունեն։