ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Գյուղատնտեսական պարարտանյութերի գնի 50 տոկոսի սուբսիդավորման հարցը ընթացքի մեջ է։
Տեղեկությունն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այժմ հավաքվում են համայնքների հայտերը, ամփոփվում են մարզպետարաններում, ինչպես նաև պայմանագրեր են կնքվում մատակարարների հետ»,– նշեց Քերոբյանը։
Հիշեցնենք, որ մարտի 3-ի կառավարության նիստում Քերոբյանը հայտնել էր, որ գյուղատնտեսական պարարտանյութերի գները 2022թ–ի հունվար–փետրվար ամիսներին աճել են 2-3 անգամ։
Նույն օրը որոշում էր կայացվել, որ գործադիրը աջակցություն կտրամադրի և կսուբսիդավորի միայն փոքր` մինչև 3 հա հողատարածք մշակող տնտեսություններին` պարարտանյութի գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 9000 դրամ։
Քերոբյանը նաև հայտարարել էր, որ Հայաստանում նախատեսվում է բնական պարարտանյութերի` կենսահումուսի գործարան բացել, ինչը, ըստ նրա, ՀՀ–ն կդարձնի պարարտանյութերի ինքնաբավ երկիր։