Գնացքով կտանեն, լաստանավով տեղ կհասցնեն. կառավարությունն իր վրա է վերցնում ծախսի մի մասը

Երկաթուղային բեռնափոխադրումները նախատեսում են իրականացնել շաբաթական 2 անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը լաստանավային փոխադրումները սուբսիդավորելու որոշում է կայացրել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Դրա շնորհիվ մենք կկարողանանք ապահովել Հայաստանի և Եվրասիական երկաթուղային համակարգերի միացումը, ինչպես նաև այնպես անել, որ հայկական և եվրասիական ապրանքներն այդ ճանապարհով հնարավոր լինի տեղափոխել մի երկրից մեկ այլ երկիր։ Կարծում ենք, որ սա էականորեն կլավացնի Հայաստանի արդյունաբերության մրցունակությունը»,– նշեց Քերոբյանը։
Նրա խոսքով` գործընթացն ավարտին հասցնելու համար դեռևս որոշակի աշխատանք կա անելու, բայց կառավարությունում հույս ունեն, որ 1 ամսվա ընթացքում կունենան կանոնավոր երկաթուղային փոխադրումներ։
Փոխադրումները նախատեսվում է իրականացնել շաբաթական 2 անգամ։
Նախարարը շեշտեց, որ Հայաստանը լաստանավ ձեռք չի բերելու։ Փոխադրումների ժամանակ կատարած ծախսերը փոխհատուցելու են Ռուսական և Հարավկովկասյան երկաթուղիների կողմից նշանակված օպերատորին։ Լաստանավով Ռուսաստան, եվրասիական երկրներ, այդ թվում Չինաստան փոխադրվող ցանկացած բեռի ծախսերը փոխհատուցելու է ՀՀ կառավարությունը։
Քերոբյանը շեշտեց, որ Ռուսական և Հարավկովկասյան երկաթուղիներն իրենց կողմից ևս տարիֆները զգալի իջեցնելու են և կլինեն էապես էժանացած երկաթուղային բեռնափոխադրումներ։