ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ շփումները շարունակելու մտադրության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ն պետք է գործի իրատեսորեն: Մենք աջակցում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին և զգուշավոր լավատեսությամբ ողջունում ենք դրանց առաջընթացը: Ես պատրաստվում եմ շարունակել շփումները Պուտինի և Զելենսկու հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների ուշադրությունը հրավիրել է անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա։
«Մենք շեշտել ենք` դաշինքը այն կառույց չէ, որը վտանգ կներկայացնի Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի համար, ես ուշադրություն հրավիրեցի անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա»,- ընդգծեց նա։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքին։ Բացի այդ, Թուրքիան կշարունակի հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեցԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 29–րդ օրը։