Դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումները նվազել են. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարը դեպի ՌԴ արտահանումների ոլորտն ամենատուժածն է համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումները կրճատվել են, և սա զգացվում է բոլոր արտահանող տնտեսվարողների մոտ։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` պատասխանելով հարցին, թե ռուս-ուկրաինական հատուկ գործողություններն ի՞նչ ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսության վրա և ո՞ր ոլորտներն են ավելի շատ տուժել:
«Փետրվարի տվյալներով մենք ունեինք 25-27 տոկոս արտահանման աճ, սակայն մարտին, մի քանի օր առաջվա տվյալներով, դեպի Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել, ինչը շատ մտահոգիչ է: Իհարկե, մյուս ուղղություններով ունենք արտահանման աճ, և ընդհանուր արտահանումը կարծես թե դրական է»,– նշեց Քերոբյանը։
Ներկայում արտահանողների հետ աշխատանքներ են տարվում, որ վերակնքեն իրենց պայմանագրերը նոր գների պայմաններով, որի արդյունքում արտահանման ծավալները կսկսեն կտրուկ աճել։ Նրա խոսքով այն դեֆիցիտը, որն առաջացել է նաև ռուսական շուկայում` բազմաթիվ արևմտյան ընկերությունների դուրս գալու պատճառով, թույլ է տալիս ենթադրել, որ հայկական շուկայի չափաբաժինը ռուսական շուկայում հնարավոր է մեծացնել:
Էկոնոմիկայի նախարարը նաև շեշտեց` 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու թիրախը մնում է ուժի մեջ: