Ցմահ դատապարտյալը դարձավ աշխարհի ռեկորդակիր

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Մարտի 23-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել էր հերթական ռեկորդի գրանցումը՝ հիմնարկի ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանի մասնակցությամբ։
Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը դարձել է աշխարհի ռեկորդակիր (23 մարտի, 2022թ)․ Երևան
Տեղեկությունը հայտնում են ԱՆ Քրեակատարողական ծառայությունից։
Թ․ Միրզոյանը պառկած դիրքից 150 կգ ծանրաձողի մեկանգամյա հրում-բարձրացումով սահմանել է աշխարհի ռեկորդ, իսկ 1 րոպե 06 վայրկյանում 80 կգ ծանրոցը 35 անգամ պառկած դիրքից հրում-բարձրացումով սահմանել է Դյուցազնագրքի ռեկորդ, և նրա անունը հերթական անգամ գրանցվել է Դյուցազնագրքում։
Նշենք, որ 37-ամյա Միրզոյանը նախկինում ևս ռեկորդներ էր գրանցել կշռաքարերի բարձրացումով։
Հավելենք, որ Թաթուլ Միրզոյանը ցմահ է դատապարտվել սպանության համար։