Արցախում խաղաղապահների դերակատարությունը չպետք է անտեսենք. Վարդանյանը` գազի խնդրի մասին

Վլադիմիր Վարդանյան. Արխիվային լուսանկար
Իշխանական պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանի կողմից գազատարի հետ կապված արկածախնդրությունն ուղղված է Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Արցախում խաղաղապահների առկայությունը և որոշ դերակատարությունը չպետք է անտեսենք։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը` պատասխանելով հարցին, թե ընդդիմությունն ասում է` տպավորություն է, որ ՀՀ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախի ստեղծված իրավիճակից և հույսը միայն խաղաղապահների վրա է։
Հայտնել էինք, որ արդեն երկրորդ անգամ Արցախը զրկվել է գազամատակարարումից և մի քանի օր է, ինչ ողջ Արցախում գազ չկա։
«Արցախում խաղաղապահների առկայությունը չպետք է անտեսենք` դա չափազանց կարևոր է։ Բացի այդ, այս բոլոր այս օրերին ընթացքում ՀՀ կառավարությունը, խորհրդարանական դիվանագիտությունը ջանքեր է ներդրել միջազգային գործընկերներին գազի խնդրի մասին տեղեկացնելու և լուծում տալու համար։ Ադրբեջանի կողմից գազատարի հետ կապված արկածախնդրությունն ուղղված է Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելուն»,–ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով` Արցախում «իրենք տարածքային խնդիրներ չենք լուծում, Արցախում խոսքը ժողովուրդների իրավունքների մասին է»։ Վարդանյանը նշում է, որ այն վարվելակերպն ու գործիքակազմը, որն այսօր օգտագործում է Ադրբեջանը, ավելի է ամրապնդում ՀՀ դիրքերը ՄԱԿ-ի միջազգային դատարանում՝ ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի լուրջ խախտումների հետ կապված։
Բացի այդ, ըստ Վարդանյանի, Ադրբեջանի քայլերն ավելի տեսանելի են դարձնում այն, որ Արցախում խնդիրը կրում է էկզիստենցիալ բնույթ։