ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Արցախի գազամատակարարման վերականգնման համար ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Միաժամանակ տեղեկացվում է , որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները:
«ԱՀ Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն»,–ասված է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ հանրային և քաղաքական գործիչներին հորդորում են պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից:
Հիշեցնենք, որ Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։
Մարտի 19-ից արդեն սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։
Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Այսօր` մարտի 24–ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։