Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում նոր պատերազմներ սկսելու համար. Փաշինյան

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը խախաղության դարաշրջան բացելու օրակարգից չի նահանջելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ադրբեջանը փորձում է դելիգիտիմացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի օրակարգը` տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ սկսելու համար։ Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի սկզբում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով Արցախում շուրջ 2 շաբաթ շարունակվող սադրիչ գործողությունների մասին։
Այդուհանդերձ, Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը խաղաղության դարաշրջան բացելու օրակարգից չի նահանջելու։
«Մենք չպետք է տրվենք այդօրինակ սադրանքներին։ Ասել ենք, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, և մենք որևէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հատուկ ընդգծեց, որ Ադրբեջանն Արցախի գազամատակարարումը խափանել էր հենց այն օրը, երբ Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջոցով Ադրբեջանին էր ներկայացրել խաղաղության բանակցային փաթեթի վերաբերյալ իր առաջարկություններն ի պատասխան Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի։
«Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը։ Եվ սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է»,– ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունք էր ներկայացրել մարտի 14-ին։
Ադրբեջանի առաջարկած 5 կետերը հիմք չեն տալիս խոսելու Արցախի ճանաչման մասին. Աննա Կարապետյան