Ուկրաինայում իրադարձությունները բարդացրել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը. Միրզոյան

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԳ նախարարը, սակայն հայտարարեց, որ միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ուկրաինայում իրադարձությունները կտրուկ բարդացրել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքները։
Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` հավելելով, որ դժվարացել է անգամ համատեղ քննարկումների իրականացումը։
«Բայց, ելնելով շատ կոնկրետ ազդակներից ու ուղերձներից, որ ես եմ ստանում և՛ համանխագահ երկրներից, և՛բազմաթիվ այլ երկրներից, ուզում եմ վերահաստատել, որ միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում, և սա բավական հուսադրող է»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնեք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները անցած տարվա վերջին համատեղ հայտարարություն էին ընդունել։ Նրանք կոչ էին արել շարունակել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երկխոսությունը, որը սկսվել է սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով՝ տարածաշրջանում կայուն և կայուն խաղաղությանը նպաստելու համար: