ԵՐԵՎԱՆ, 23 մարտի –Sputnik. Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ուժերի մասնակցության հարց չի բարձրացվել։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Որքան ինձ հայտնի է` նման հարցեր չեն բարձրացվել ՀԱՊԿ հարթակում»,-ասել է Պեսկովը:
Ընդ որում, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը չի մեկնաբանել արևմտյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվության մասին հարցը ՝ Ուկրաինայում գործողությանը Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության, իբր, գոյություն ունեցող ծրագրերի վերաբերյալ:
«Ինչ վերաբերում է Բելառուսի պլաններին, ապա մենք ձեզ հետ լսել ենք Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյի հայտարարությունը նման ծրագրերի բացակայության մասին։ Բայց ես՝ որպես Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար, չեմ կարող խոսել Բելառուսի մասին։ Խորհուրդ եմ տալիս դիմել իմ գործընկերներին Բելառուսի նախագահի աշխատակազմում»,–ասել է Պուտինի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 28–րդ օրը։