Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը պատմել է ՀՀ քաղաքացիների հետ աշխատանքների մասին

Ուկրաինայում ՀՀ դեսպանություն
Դեսպանատուն դիմող քաղաքացիների մեծ մասը ռազմական գործողությունների ընթացքում կորցրել է փաստաթղթերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներն օրական շուրջ 300 հեռախոսազանգ են ստանում։ Տեղեկությունը հայտնում է դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
«Հատուկ գործողության առաջին օրերին դեսպանության դիվանագետները 24-ժամյա ռեժիմով օրական 1000-ից ավելի զանգ են ստացել, այժմ դրանց թիվը հասնում է միջինը 300-ի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Օդեսայում գործող ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Լվովում և Ուժգորոդում նոր բացված ՀՀ ժամանակավոր հյուպատոսություններն ամենօրյա ռեժիմով ընդունում են քաղաքացիներին, որոնցից շատերը ռազմական գործողությունների ժամանակ կորցրել են իրենց փաստաթղթերը և հայրենիք վերադառնալու համար դիմում են դիվանագիտական ներկայացուցչություն` ժամանակավոր վկայականներ ստանալու համար։
Բացի այդ տրամադրվում են նաև հյուպատոսական ծառայություններ, դեսպանատան միջոցով կապ է պահպանվում հայաստանյան ու ուկրաինական պետական այլ գերատեսչությունների հետ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 28–րդ օրը։