Սաղաթելյանը Անն Լույոյին ներկայացրել է Ադրբեջանի մեղքով ԱՀ–ում ստեղծված հումանիտար աղետը

ԱԺ փոխնախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ զրույցում շեշտել է, որ թե' Հայաստանը, թե' Արցախն այս պահին լրջագույն անվտանգության խնդիրներ ունեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ընդունել է ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին:
Տեղեկությունը հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Սաղաթելյանը անդրադառնալով Արցախի հիմնախնդրին և դրա շուրջ ընթացող գործընթացներին հայտնել է, որ օրեր առաջ Արցախում ադրբեջանական կողմից պայթեցրել են գազատարը` շուրջ 100 հազար արցախցիներին կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ: Սրան գումարվում են նաև բնակիչներին ուղղված տարատեսակ սպառնալիքները` գյուղերը լքելու վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին (23 մարտի, 2022թ). Երևան
«Մեծապես կարևորում ենք միջազգային հանրության արձագանքն ու հստակ գնահատականը կատարվողին: Արցախի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Մեր դիրքորոշումն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- շեշտել է ԱԺ փոխնախագահը։
Սաղաթելյանը ներկայացրել է նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակն ու խնդիրները` նշելով, որ թե' Հայաստանը, թե' Արցախն այս պահին լրջագույն անվտանգության խնդիրներ ունեն:
Հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը, ագրեսիան և Արցախի հայաթափմանն ուղղված քաղաքականությունը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը դեռևս նախորդ տարի երկու ուղղությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և շարունակում են մնալ այնտեղ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին (23 մարտի, 2022թ). Երևան
Իր հերթին դեսպան Անն Լույոն հայտնել է, որ Ֆրանսիան ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին` Անն Լույոն հավաստիացրել է, որ Ֆրանսիան իր դիրքորոշումները պահպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որպեսզի կարողանա օգնել երկու կողմերին` հաստատելու խաղաղություն և կայունություն տարածաշրջանում:
Իշխան Սաղաթելյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները, շեշտելով, որ Ֆրանսիան Եվրոպայում Հայաստանի ամենակարևոր և բարեկամ երկրներից է: